ՀՖՖ-ն հաստատել է Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի ֆորմատը. ինչ է փոխվել
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեց Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի ֆորմատը, ինչպես նաև ընդունվեցին մի շարք կարևոր որոշումներ։
Հայաստանի Պրեմիեր լիգան կմնա 10 ակումբով
Օրակարգի հիմնական հարցն էր՝ Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի ֆորմատը։ Ակումբների հետ քննարկումներից հետո որոշվեց, որ առաջնությանը կրկին կմասնակցեն 10 թիմեր, իսկ առաջնությունը կանցկացվի երեք փուլով։ Այս ձևաչափը կպահպանվի նաև հաջորդ երեք մրցաշրջաններում. մինչև 2029 թվականը Պրեմիեր լիգայում կլինի առավելագույնը 10 մասնակից։
Այսպիսով, 2025/26 մրցաշրջանում Հայաստանի առաջնությանը կմասնակցեն հետևյալ 10 ակումբները՝
Նոա
Արարատ-Արմենիա
Ուրարտու
Փյունիկ
Ալաշկերտ
Վան
Շիրակ
ԲԿՄԱ
Գանձասար
Արարատ
Սակայն «Վան»-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Հիշեցնենք, որ այս ամառ «Վան»-ի ողջ ղեկավարությունը և ֆուտբոլիստները տեղափոխվել են «Ալաշկերտ»։
«Սյունիք» ՖԱ-ն չի բարձրանա Պրեմիեր լիգա
Առանձին քննարկվեց «Սյունիք»-ի իրավիճակը։ Սպորտային սկզբունքով Կապանի թիմը կարող էր բարձրանալ Պրեմիեր լիգա, սակայն որոշում է կայացվել մնալ Առաջին խմբում։ Պատճառը՝ «Լեռնագործ» մարզադաշտը դեռևս չի համապատասխանում Պրեմիեր լիգայի պահանջներին, իսկ տնային հանդիպումները Կապանից դուրս անցկացնելու ցանկություն չկա։ Արդյունքում, «Սյունիք»-ի փոխարեն Պրեմիեր լիգայում հանդես կգա «Գանձասար»-ը, որն ունի համապատասխան լիցենզիա։
Լեգեոնականների լիմիտի փոփոխություններ
Գործադիր կոմիտեն քննարկեց նաև հայկական ֆուտբոլի սաների քանակի կանոնը։ Որոշվեց պահպանել գործող սահմանափակումը՝ հայտացուցակում պետք է լինի նվազագույնը 9 տեղացի ֆուտբոլիստ, իսկ խաղադաշտում՝ միաժամանակ առնվազն երեք։ Առաջիկա երեք ամիսների ընթացքում այս կանոնը նորից կքննարկվի և հնարավոր է վերանայվի 2026/27 մրցաշրջանից։
Նոր կանոնակարգեր գործակալների և տրանսֆերների համար
Հերթական կարևոր որոշումը ՀՖՖ-ի գործակալների և ֆուտբոլիստների կարգավիճակի ու տրանսֆերների մասին կանոնակարգերի նոր խմբագրությունների հաստատումն էր, որոնք կգործեն 2025 թվականից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0