Յֆֆ-ն քննարկում է խաղացողների լիմիտի փոփոխությունը․ ակումբները մոտ օրերին կներկայացնեն առաջարկներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է աշխատանքային հանդիպում՝ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանի և մրցումների բաժնի ղեկավար Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են Fastex Պրեմիեր լիգայի ակումբների ներկայացուցիչները, ինչպես նաև Առաջին խմբի չորս ակումբներ։
Հանդիպման հիմնական թեման եղել է հնարավոր փոփոխությունը կանոնակարգում, որը վերաբերում է Հայաստանում պատրաստված ֆուտբոլիստների քանակին, որոնք կարող են միաժամանակ գտնվել խաղադաշտում և ընդգրկվել խաղի հայտացուցակում։ Խոսքը վերաբերում է հնարավոր փոփոխություններին, որոնք կարող են ուժի մեջ մտնել առաջիկա երկու մրցաշրջանների ընթացքում Հայաստանի Պրեմիեր լիգայում։
Ակումբների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել արտահայտել իրենց նախնական կարծիքները և ուղղել հարցեր առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։ Միաժամանակ, ակումբների վերջնական դիրքորոշումը կձևավորվի և երկու օրվա ընթացքում կներկայացվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։
Առաջարկները ստանալուց հետո Գործադիր կոմիտեն կանցկացնի լրացուցիչ քննարկում, որի արդյունքում կարող է ընդունվել վերջնական որոշում գործող կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Հավելենք, որ ներկայում գործող սահմանափակումը պահանջում է խաղադաշտում ունենալ առնվազն երեք հայ ֆուտբոլիստ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0