Թոմաս Ադորյան. «Հպարտություն է ներկայացնել Հայաստանը»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի 23-ամյա կիսապաշտպան Թոմաս Ադորյանը, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, հարցազրույց է տվել արգենտինական El Territorio պարբերականին՝ պատմելով իր հույզերի, երազանքների և ֆուտբոլային ուղու մասին։
Նա ծնվել է Արգենտինայի Սան Պեդրո քաղաքում, մանուկ հասակում խաղացել է կոշիկները հանած՝ ցեխոտ դաշտերում, իսկ այժմ պատրաստվում է նորամուտին Հայաստանի ազգային հավաքականում։
«Հպարտություն է ներկայացնել հավաքականը։ Ես, իմ ընտանիքը, ընկերներս՝ բոլորը շատ ուրախ են։ Ինձ հրավիրել են երկու բարեկամական հանդիպման՝ Կոսովոյի և Չեռնոգորիայի դեմ», — ասել է ֆուտբոլիստը (ElTerritorio.com)։
«Նրանք ինձ որոշ ժամանակ հետևում էին, բայց ես դեռ չէի սպասում դրան։ Ես խաղացել եմ մի քանի խաղերի, բայց նաև բաց եմ թողել խաղեր, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ դա տեղի ունեցավ։ Դա ինձ համար անակնկալ էր, և ես շատ ուրախ եմ։ Սա ինձ համար պատիվ է. կարծում եմ, որ ամենագեղեցիկ բանն է ազգային հավաքական կանչվելը... դա հեշտ չէ իրականացնել», - ասել է Ադորյանը Sanpedroonline.com-ին տված հարցազրույցում։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ իր կապին, նա բացատրեց. «Ես հայկական արմատներ ունեմ իմ նախապապի՝ պապիկիս հոր միջոցով։ Սա իմ առաջին այցը կլինի այդ երկիր, քանի որ ես երբեք այնտեղ չեմ եղել։ Ես արդեն 29-ին եմ այնտեղ գնում»։

Ադորյանը ծնվել է Միսիոնես մարզի հեռավոր մի քաղաքում։ Ֆուտբոլ սկսել է խաղալ հինգ տարեկանից, անցել է երկար ճանապարհ՝ բակային ցեխոտ դաշտերից մինչև պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Ակումբային մակարդակում հանդես է եկել «Գուարանի», «Կրուսեյրո դել Նորտե», Ուրուգվայի «Ռամպլա Խունիորս» ակումբներում, իսկ 16 տարեկանից ներկայացնում է «Բանֆիլդը»։
«Կարծում եմ՝ հավաքական հրավիրվելը ավելի տեսանելի է դարձնում խաղացողին։ Դա կարող է հեշտացնել իմ երազանքի իրականացումը՝ տեղափոխվել եվրոպական ակումբ», — խոստովանել է նա։
Չնայած հաջողություններին՝ Թոմասը չի մոռանում իր հայրենի քաղաքը։ Նա պարբերաբար այցելում է «Cristo Junior» մանկական ֆուտբոլային դպրոցը։
«Սա իմ քաղաքն է։ Միշտ այցելում եմ դպրոցը, խորհուրդներ եմ տալիս, կիսվում փորձով, որպեսզի ոգեշնչեմ երեխաներին՝ եթե սիրում են ֆուտբոլ, գնան իրենց երազանքների հետևից», — նշել է Ադորյանը։
Ներկայումս նա մարզվում է «Բանֆիլդի» պահեստազորում և պատրաստվում է Հայաստանի հավաքականի հունիսյան հանդիպումներին։ Ներկա առաջնությունում անցկացրել է 11 հանդիպում՝ խփելով մեկ գոլ։ Արդեն հունիսի 29-ին Ադորյանը կլինի Երևանում՝ սկսելու հավաքականի նախապատրաստական փուլը։
Ադորյանը դարձավ հերթական արգենտինահայ ֆուտբոլիստը, ով հրավիրվել է Հայաստանի հավաքական։ Մինչ այս հրավիրվել էին Լուկաս Սելարայանը, Նորբերտո-Բրիսկո Բալեկյանը և Խոսե Անդրես Բիլիբիոն, իսկ այժմ՝ նաև Թոմաս Ադորյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0