Հայաստանի փորձարարական կազմը պարտվեց Բելառուսին՝ 1:2
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 29-ին Երևանում Հայաստանի հավաքականը ընկերական խաղում սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց Բելառուսի հավաքականին։
Հյուրերը բացեցին հաշիվը արդեն 8-րդ րոպեին՝ աչքի ընկավ Եվգենի Յաբլոնսկին։ Երկրորդ խաղակեսում՝ 72-րդ րոպեին, Բելառուսի առավելությունը կրկնապատկեց Գերման Բարկովսկին։ Հայաստանի հավաքականը կարողացավ պատասխանել միայն խաղի վերջնամասում․ 88-րդ րոպեին Վահան Բիչախչյանը իրացրեց 11-մետրանոցը՝ սահմանելով վերջնական հաշիվը։
Հայաստանի հավաքականի կազմում այս խաղում տեղի ունեցան միանգամից մի քանի դեբյուտներ․ ազգային հավաքականում առաջին անգամ հանդես եկան Խուլիո Բուենոն, Նարեկ Հովհաննիսյանը, Ֆինն Գերագուսյանը, Կարլեն Հովհաննիսյանը և Արթուր Ասկարյանը։
Տանտերերի կազմում հանդիպման լավագույն խաղացողը դարձավ Վահան Բիչախչյանը։ Նա խաղը սկսեց աջ վինգերի դիրքում, իսկ ընդմիջումից հետո տեղափոխվեց կենտրոն։ Խաղի ընթացքում գրոհների մեծ մասը կառուցվում էր հենց նրա միջոցով։ Սակայն նրա ջանքերը բավարար չեղան դրական արդյունքի համար։
Եղիշե Մելիքյանի թիմի համար այս հանդիպումը կարևոր փորձ էր։ Կիրառվեց նոր 4-2-3-1 սխեման՝ Գեորգի Հարությունյանի և Տիգրան Ավանեսյանի մասնակցությամբ հենակետային գոտում։ Փոխարինման դուրս եկած Գոռ Մանվելյանն ու Արթուր Սերոբյանը նկատելիորեն ուժեղացրին խաղը։
Չնայած առանձին հաջող հատվածներին՝ թիմը բախվեց նկատելի անհավասարակշռության, ինչը մասամբ պայմանավորված էր մեծ թվով դեբյուտանտներով և առանցքային կիսապաշտպանների՝ Ուգոչուկվու Իվուի և Էդուարդ Սպերցյանի բացակայությամբ։
Առանձին պետք է նշել հարձակվող Ֆինն Գերագուսյանի դեբյուտը, ով խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի կեսերին։ Նա լավ հնարավորություն ուներ Տիկնիզյանի փոխանցումից հետո, սակայն հարվածեց դարպասից մի փոքր բարձր։
Հայաստանի հավաքականի կազմը
Հայաստան (4–2–3–1)
Հենրի Ավագյան — Կամո Հովհաննիսյան (Կ), Խուլիո Բուենո, Սերգեյ Մուրադյան (77, Ստեփա Մկրտչյան), Նաիր Տիկնիզյան — Գեորգի Հարությունյան (77, Արթուր Ասկարյան), Տիգրան Ավանեսյան (64, Կարլեն Հովհաննիսյան) — Վահան Բիչախչյան, Կարեն Նալբանդյան (46, Արթուր Սերոբյան), Նարեկ Հովհաննիսյան (64, Գոռ Մանվելյան) — Գրանտ-Լեոն Ռանոս (64, Ֆինն Գերագուսյան)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0