Էդուարդ Սպերցյանը խոսել է հնարավոր տրանսֆերի մասին և արժանացել ՀՖՖ մրցանակին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը արժանացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակին՝ 2024/25 ակումբային մրցաշրջանում ունեցած հաջողությունների համար։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է «Ավան» ֆուտբոլային ակադեմիայի բաց լողավազանի տարածքում և նվիրված է եղել այն հավաքականների ֆուտբոլիստներին, ովքեր հաջողություններ են գրանցել ակումբային մակարդակում։
Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն է դարձել «Կրասնոդար»-ի կազմում և նշել, որ ազգային առաջնությունում հաղթելը եղել է նրա վաղեմի երազանքներից մեկը.
«Մրցաշրջանը բավականին բարդ էր։ Մենք երկար ճանապարհ անցանք դեպի այդ տիտղոսը, և ես շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացանք նվաճել այն։ Շնորհակալություն բոլորին շնորհավորանքների համար»։
Ֆուտբոլիստը նաև անդրադարձել է եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությանը.
«Մինչև հիմա կոնկրետ առաջարկներ չկան, բայց չեմ թաքցնում, որ ցանկանում եմ կարիերայիս հաջորդ քայլը կատարել։ Ձմռանը տեղեկություններ կային «Լիդս»-ի հետաքրքրության մասին, իսկ «Պորտու»-ի մասին կարդում եմ մամուլում։ Չունեմ առաջնությունների նախընտրություն՝ ամենակարևորը, որ դա լինի լուրջ նախագիծ»։
Սպերցյանը ընդգծել է, որ այժմ կենտրոնացած է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի վրա.
«Սա իմ առաջին հավաքն է նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ։ Ամեն ինչ լավ է ընթանում։ Շատ կարևոր է լավ հանդես գալ առաջիկա ընկերական խաղերում և ցուցադրել որակյալ ֆուտբոլ»։
Հայաստանի հավաքականը հունիսին կանցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում՝ Կոսովոյի (հունիսի 6) և Չեռնոգորիայի (հունիսի 9) դեմ։ Երկու խաղերն էլ ուղիղ եթերում կհեռարձակվեն «Fast Sport» հեռուստաալիքով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0