SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդուարդ Սպեռցյան․ «Երազում եմ խաղալ թոփ առաջնությունում»


Էդուարդ Սպեռցյան․ «Երազում եմ խաղալ թոփ առաջնությունում»
Ֆուտբոլ 💬 Comment

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպեռցյանը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում հիշել է իր դեբյուտը, պատմել է ավագի թևկապին հասնելու ճանապարհի, ՌՊԼ-ում դժվարությունների և իր գլխավոր երազանքի մասին՝ խաղալ եվրոպական թոփ առաջնությունում։

Առաջին խաղի մասին հավաքականում․

— Շատ լավ հիշում եմ իմ առաջին հանդիպումը Ռումինիայի դեմ։ Այդ օրը հաղթեցինք, կարծում եմ՝ այդ խաղը միշտ կմնա իմ հիշողության մեջ։ Իհարկե, դժվար էր, ես դեռ երիտասարդ էի և չունեի բարձր մակարդակի փորձ։ Երկրորդ կեսում ինձ հնարավորություն տվեցին խաղադաշտ դուրս գալու։ Ես նույնիսկ արցունք թափեցի, երբ գոլ խփեցի, քանի որ դա երազանք էր։

Ավագ լինելու և Ուելսի դեմ հաղթանակի մասին․

— Մեծ պատիվ է թիմը խաղադաշտ դուրս բերել ավագի թևկապով։ Հյուրանում հաղթեցինք Ուելսին՝ 4։2։ Պատասխանատվություն կա, բայց ես հոգեբանորեն պատրաստ էի։ Այդ ժամանակ Վարազդատ Հարոյանը նույնպես մեզ հետ էր, օգնում ու հուշումներ էր տալիս։ Այդ հաղթանակը արտագնա խաղում նույնպես շատ հիշվող պահ էր, շատ լավ հանդիպում ստացվեց։

Spertsyan vs Wales

Ռուսաստանից եկած խաղացողներին օգնելու մասին․

— Իհարկե, օգնում եմ նրանց, ովքեր Ռուսաստանից են հրավիրվել։ Դեռ մինչ նրանց կանչելը շփվել եմ, պատմել եմ, թե որքան հաճելի է այստեղ խաղալը։ Ասել եմ՝ «Եկեք, ընդհանրապես չեք զղջա»։ Բացի այդ, նաև Խորեն Բայրամյանը և Հարոյանը օգնեցին։ Հիմա արդեն բոլորը հարմարվել են և մեծ հաճույքով են գալիս՝ խոսքը Էդգար Սևիկյանի, Նայիր Տիկնիզյանի, Գեորգի Հարությունյանի և մյուսների մասին է։

Դժվար ուղևորությունների և «Կրասնոդարի» հետ չեմպիոն դառնալու մասին․

— Հիմա շատ դժվար է խաղալ Ռուսաստանի առաջնությունում, հատկապես մեր՝ «Կրասնոդարի» համար։ Վերջին երեք տարիների ընթացքում ուղևորությունները շատ բարդ են եղել՝ գրեթե տանը չենք լինում, միշտ ճանապարհին ենք։ Քչերն են դա հասկանում, բայց դա իրոք դժվար է։ Բայց մենք դիմացանք, կարողացանք և դարձանք չեմպիոն։

«Կրասնոդարի» հետ չեմպիոն դառնալը մեծ երջանկություն է։ Ես մանկուց ակադեմիայում եմ, կարելի է ասել՝ ակումբը ինձ հետ է մեծացել, և ես՝ ակումբի հետ։ Ամբողջ պատմությունը ներսից եմ տեսել։ Սերգեյ Նիկոլաևիչ Գալիցկին արժանի էր այդ չեմպիոնությանը, և մենք դա նրա համար արեցինք։

Ի՞նչ ասաց ձեզ Գալիցկին չեմպիոնությունից հետո։

— Դա կմնա մեր միջև, գաղտնիք է։

Իր ապագայի մասին․

— Եթե ետ նայենք, ապա տեսնում ենք, որ անցյալ տարի ճիշտ որոշում էր մնալ ակումբում ևս մեկ սեզոն։ Այդ մասին ասել եմ նաև նախորդ տարի, հիմա էլ եմ կրկնում՝ պետք է ինչ-որ բան հաղթել և հետո գնալ։ Տեսնենք, թե այս ամառ ինչ կլինի։

Երազանք ունեմ՝ խաղալ Եվրոպայում, Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի թոփ հանդիպումներում։ Թոփ առաջնությունում խաղալը իմ մեծ երազանքն է, որի համար ամեն օր աշխատում եմ։ Ինչ վերաբերում է՝ «կրկնել Մխիթարյանի ուղին»՝ կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի։ Հենրիխը՝ մեկը, Մատվեյը՝ մեկ այլ, ես կունենամ իմը։

Յուրա Մովսիսյանի, Սաֆոնովի և Մխիթարյանի մասին․

— Երբ հիշում եմ Յուրա Մովսիսյանին, մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան, նա իսկական լեգենդ է։ Խաղացել է Ռուսաստանում, այդ թվում՝ «Կրասնոդարում», և շատ հանդիպումներ է անցկացրել հավաքականում։ Նա ինձ շնորհավորել է, հրապարակում է արել, շնորհավորել է ակումբին ու նաև ինձ՝ առանձին։ Շատ շնորհակալ եմ նրան դրա համար։

— Իհարկե, Մատվեյ Սաֆոնովի հետ կապի մեջ եմ։ Շնորհավորեցի նրան Չեմպիոնների լիգան հաղթելու համար, նա էլ՝ ինձ։ Մատվեյը մնացել է նույն մարդը, ինչ որ եղել էր, մենք ընկերություն ենք անում և հաճախ ենք շփվում։

— Հենրիխ Մխիթարյանի հետ նույնպես մշտապես կապի մեջ եմ։ Փորձում ենք շփվել, ժամանակ գտնել դրա համար։ Շատ չեմ անհանգստացնում նրան, որովհետև հասկանում եմ՝ որքան կարևոր հանդիպումներ ունի և ինչ ծանր սեզոն է։ Բայց, իհարկե, նա գրել է ինձ ու շնորհավորել չեմպիոնության կապակցությամբ։ Ես էլ հաջողություն եմ մաղթել նրան Չեմպիոնների լիգայում։ Դրանից հետո այլևս չենք շփվել։

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին․

— Եթե անկեղծ լինեմ, ապա Չեմպիոնների լիգայում ես երկրպագում էի «Բարսելոնային», բայց եզրափակչում ուզում էի, որ հաղթեր Մխիթարյանը։ Սաֆոնովը գիտեր այդ մասին։ Ցավոք, Հենրիխի մոտ չստացվեց։

Էդուարդ Սպեռցյանը արդեն ժամանել է Պրիշտինա՝ Հայաստանի հավաքականի հետ միասին, որտեղ վաղը կկայանա ընկերական հանդիպումը Կոսովոյի դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։