Էդմեն Շահբազյանը կմենամարտի Անդրե Մունիսի դեմ UFC 320-ում Լաս Վեգասում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական ծագումով ամերիկացի մարտիկ Էդմեն Շահբազյանը (15–5) իր հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 4-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 320 մրցաշարի շրջանակում։ Նրա մրցակիցը կլինի փորձառու բրազիլացի Անդրե Մունիսը (24–7), հաղորդում է Mmafighting-ը։
27-ամյա Շահբազյանի համար սա կլինի առաջին համարակալված UFC մենամարտը 2022 թվականից ի վեր։ Էդմենը 2025 թվականին հաղթանակների լավ շարք է սկսել՝ նախ 95 վայրկյանում նոկաուտի ենթարկելով Դիլան Բադկուին, այնուհետև հունիսին միավորներով հաղթելով ըմբիշ Անդրե Պետրոսկին։ Այդ կերպ «Ոսկե տղան» արդեն երկու անընդմեջ հաղթանակ է գրանցել և մոտենում է վերադառնալու միջին քաշային կարգի լավագույնների շարքին։
Ի տարբերություն նրա՝ Մունիսը բարդ ժամանակաշրջան է ապրում։ 35-ամյա բրազիլացին, ով սկզբում UFC-ում 7 մենամարտից 6-ը հաղթել էր, վերջին չորս մենամարտերում երեք անգամ պարտվել է նոկաուտով՝ Իկրամ Ալիսկերովից, Փոլ Քրեյգից և Բրենդան Ալենից։ Այնուամենայնիվ, Մունիսը մնում է վտանգավոր մրցակից, քանի որ ունի բարձրակարգ ջիու-ջիթսու և նախկինում հաղթել է Ուրայա Հոլին ու Ռոդրիգո Սոուզային։
UFC 320-ում մենամարտը Շահբազյանի համար հրաշալի հնարավորություն է՝ ամրապնդելու իր հաջողությունը, գրանցելու երրորդ անընդմեջ հաղթանակը և իր անունը կրկին հիշեցնելու միջին քաշայինների տոփ-15 մրցավազքում։ Մրցաշարը կանցկացվի T-Mobile Arena-ում, իսկ երեկոյի գլխավոր մենամարտը դեռևս չի հայտարարվել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0