2025 թվականի Եվրոպայի կիկբոքսինգի առաջնությունը չեղարկվել է Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցության պատճառով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 22-27-ը Կիշնևում կայանալիք կիկբոքսինգի Եվրոպայի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Համաշխարհային կիկբոքսինգի ֆեդերացիայի (WKF) հովանու ներքո, պաշտոնապես չեղարկվել է։ Մոլդովայի իշխանությունները նման որոշում են կայացրել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցության հետ կապված սկանդալի ֆոնին։ Մեծահասակների առաջնության փոխարեն Մոլդովայի մայրաքաղաքում այժմ նախատեսվում է անցկացնել պատանեկան մրցումներ՝ առանց նշված երկրների ներկայացուցիչների։
Մրցաշարի հայտագրված մասնակիցների թվում կային նաև հայկական կիկբոքսինգի մարզիկներ։
Մոլդովայի Կրթության և հետազոտությունների նախարարությունը խիստ հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով այս միջոցառման անցկացումը Կիշնևի քաղաքապետարանի աջակցությամբ։ Նշվել է, որ մրցաշարը պաշտոնապես չէր հաստատվել, հակասում է գործող օրենսդրությանը և երկրի դեմոկրատական արժեքներին։
Նախարարության հայտարարության համաձայն՝ WKF-ը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված կազմակերպություն չէ և կապեր ունի Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող կառույցների հետ։ Ընդգծվել է, որ ֆեդերացիան համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի կիկբոքսինգի ֆեդերացիայի հետ և թույլ է տվել ռուս մարզիկներին հանդես գալ երկրի դրոշի և հիմնի ներքո՝ խախտելով միջազգային նորմերը։
Նախարարությունը նաև ուշադրություն է հրավիրել մրցաշարի կազմակերպիչների և մասնակիցների շարքում վիճահարույց գործիչների առկայությանը, այդ թվում՝ Դմիտրի Շակուտայի, որը գտնվում է ԱՄՆ-ի և Բալթյան երկրների պատժամիջոցների տակ՝ ակտիվիստ Ռոման Բոնդարենկոյի սպանության մեջ կասկածվող լինելու համար։
Այս հանգամանքների կապակցությամբ նախարարությունը պահանջել է լուծարել պայմանագիրը կազմակերպիչների հետ և հայտարարել, որ ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող անձանց մուտքը երկիր կխոչընդոտվի։ Վերջում նշվել է եվրոպական արժեքների հանդեպ նախարարության հավատարմությունը և նախազգուշացվել է նմանատիպ միջոցառումների կրկնությունից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0