Տերտերյան եղբայրները պայմանագիր են ստորագրել Golden Boy Promotions-ի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
24-ամյա երկվորյակ եղբայրներ Նիկոլայ և Սեբաստիան Տերտերյանները պաշտոնապես տեղափոխվում են պրոֆեսիոնալ բոքս՝ ստորագրելով բազմամյա պայմանագիր աշխարհի ամենաազդեցիկ պրոմոութերական ընկերություններից մեկի՝ լեգենդար չեմպիոն Օսկար դե լա Հոյայի կողմից հիմնադրված Golden Boy Promotions-ի հետ։
Եղբայրները ծնվել են Հայաստանում։ Նրանց հայրը՝ Տիգրան Տերտերյանը, եղել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին բռնցքամարտիկ։ Ընտանիքը հետագայում տեղափոխվել է Դանիա, որտեղ երեք եղբայրներն էլ սկսել են զբաղվել բռնցքամարտով։ Ավագ եղբայրը՝ Մարսելը, այսօր հանդես է գալիս պրոֆեսիոնալ MMA-ում, իսկ Նիկոլայը և Սեբաստիանը ներկայացրել են Դանիան սիրողական բռնցքամարտում։

Նիկոլայ Տերտերյանը 2023 թ․ Եվրոպական խաղերի հաղթողն է և 2024 թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, որտեղ հասել է քառորդ եզրափակիչ։ Սեբաստիանը, որն արտօլիմպիական 75 կգ քաշային կարգում է մրցել, չի կարողացել նվաճել օլիմպիական ուղեգիր, սակայն 2024-ին դարձել է Սկանդինավյան երկրների չեմպիոն և 2023-ին արժանացել է բրոնզե մեդալի հեղինակավոր Ստրանջայի գավաթում։
Այժմ երկվորյակները պատրաստ են գրոհել պրոֆեսիոնալ ռինգը։ Նրանց մարզիչն է Ջեյմի Ռոբինսոնը, իսկ մենեջերը՝ համաշխարհային բոքսում Forbes-ի վարկանիշով ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ ազգությամբ հայ Ռիկ Միրիջյանը։
Եղբայրները համատեղ հայտարարությամբ նշել են.
“Պաշտոնական է – Մենք պայմանագիր ենք կնքել Golden Boy Promotions-ի հետ։
Golden Boy-ը աշխարհի ամենահայտնի պրոմոութերական ընկերություններից է, որը ներկայացրել է այնպիսի լեգենդների, ինչպիսիք են Կանելո Ալվարեսը, Բերնար Հոփքինսը, Ռայան Գարսիան։
Օսկար դե լա Հոյայի տեսլականը լիովին համընկնում է մեր հավակնությունների հետ։
Ուրախ ենք նաև տեղեկացնել, որ պայմանագիր ենք կնքել մենեջեր Ռիկ Միրիջյանի հետ։
Մենք եղել ենք սիրողական բոքսի էլիտան՝ Եվրոպայի չեմպիոններ, օլիմպիական մասնակիցներ — և այժմ, մեր մարզիչ Ջեյմի Ռոբինսոնի հետ, եկել է պահը՝ Terteryan Takeover!”
Golden Boy-ի հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարի ժամկետով, որի ընթացքում յուրաքանչյուր եղբայր նախատեսում է ամեն տարի անցկացնել հինգ մենամարտ։
Նրանց պրոֆեսիոնալ դեբյուտը կկայանա արդեն հուլիսի 12-ին՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեսնո քաղաքում։ Մրցակիցների անունները կհայտարարվեն ավելի ուշ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0