Բայրամյանը չիրացրեց 11 մետրանոցը, իսկ Ռուսաստանի գավաթը նվաճեց Բանդիկյանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 1-ին Ռուսաստանի 2024/25 մրցաշրջանի գավաթի սուպերֆինալում հանդիպեցին «Ռոստովը», որի կազմում հանդես է գալիս Խորեն Բայրամյանը, և Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որտեղ խաղում է Արտյոմ Բանդիկյանը։
Բանդիկյանը չհայտնվեց բանակայինների հայտացուցակում, քանի որ գտնվում է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։ Իսկ Բայրամյանը մասնակցեց խաղին՝ դաշտ դուրս գալով 88-րդ րոպեին։ Հիմնական ժամանակում թիմերը գոլի չհասան, և գավաթի ճակատագիրը որոշվեց 11 մետրանոցների սերիայում։
ԲԿՄԱ-ն ավելի ճշգրիտ էր և հաղթեց 4:3 հաշվով։ «Ռոստովի» կազմում իրենց հարվածները չիրացրին Խորեն Բայրամյանն ու Ալեքսեյ Սուտորմինը։
19-ամյա պաշտպան Արտյոմ Բանդիկյանը Ռուսաստանի գավաթակիր դարձավ ԲԿՄԱ-ի կազմում։ Գավաթի խաղերում նա դաշտ դուրս չէր եկել, սակայն ութ անգամ ընդգրկվել էր հայտացուցակում։ Այս մրցաշրջանում նա երկու անգամ խաղացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Հիշեցնենք, որ Բանդիկյանը նախկինում ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ավագն էր, իսկ 2025 թվականի սկզբին միացավ հիմնական թիմին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0