Հասմիկ Ավագյանը Ծաղկաձորում գնահատել է ըմբիշների նախապատրաստական աշխատանքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականները։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի ուղեկցությամբ Հասմիկ Ավագյանը շրջայց է կատարել մարզահամալիրում, ծանոթացել մարզումային պայմաններին, մարզիկների պատրաստության ընթացքին և հանդիպել ինչպես մարզիչների, այնպես էլ հավաքականների անդամների հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մարզիկների պատրաստվածության մակարդակին, ուսումնամարզական գործընթացի արդյունավետությանը և առաջիկա միջազգային մրցաշարերի նախապատրաստությանը։
Հայաստանի հավաքականներն ակտիվ նախապատրաստվում են 2026 թվականի մրցաշրջանին։ Փետրվարի 6-8-ը ազգային և մինչև 23 տարեկանների հավաքականները մասնակցելու են միջազգային մրցաշարի՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Մարտին կկայանա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Սերբիայում, իսկ ապրիլին՝ մեծահասակների Եվրոպայի առաջնությունը Ալբանիայում։
Հասմիկ Ավագյանը բարձր է գնահատել հավաքների կազմակերպումը՝ ընդգծելով համակարգված և հետևողական աշխատանքի կարևորությունը։ Նա վստահություն է հայտնել, որ հայ ըմբիշները միջազգային հարթակներում պատշաճ կկատարեն իրենց առաքելությունը՝ կրկին անգամ ամրապնդելով Հայաստանի դիրքերը ըմբշամարտի ասպարեզում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0