Հայաստանի Ալպինիզմի ֆեդերացիան միացել է համաշխարհային ալպինիստական ընտանիքին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան դարձել է Համաշխարհային Ալպինիզմի և լեռնային ասոցիացիաների միության (UIAA) լիիրավ անդամ։ Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
UIAA-ին անդամակցության որոշումը հաստատվել է միաձայն՝ 2025 թ. հոկտեմբերի 23-26-ը Կոսովոյի Պեյա քաղաքում անցկացված կազմակերպության Գլխավոր վեհաժողովում։ Անդամակցությանը նախորդել է շուրջ մեկ տարի տևած բանակցային գործընթաց, որի ընթացքում հայկական կողմը ներկայացրել է իր գործողությունները, հաջողված ծրագրերը, ինչպես նաև առաջիկա զարգացման ռազմավարական ուղենիշները։
Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը նշել է, որ UIAA-ին միանալը բացում է նոր լայն հնարավորություններ Հայաստանի համար։
«Մեր անդամակցությունը թույլ կտա ներգրավվել համաշխարհային ծրագրերում, որոնք վերաբերում են լեռնագնացության անվտանգության մակարդակի բարձրացմանը, հրահանգիչների պատրաստմանը, բնապահպանական նախաձեռնություններին և կայուն զարգացմանն ուղղված գործընթացներին։ Դա կնպաստի նաև Հայաստանի դիրքի ամրապնդմանը տարածաշրջանում՝ որպես լեռնագնացության, թրեքինգի և լեռնային տուրիզմի կարևոր կենտրոն։ Մենք համոզված ենք, որ սա կդառնա ազդակ Հայաստանում ժամանակակից լեռնային մշակույթի կայացման համար՝ հիմնված պատասխանատվության, անվտանգության և բնության հանդեպ հարգանքի սկզբունքների վրա»,— ասել է Դանիելյանը։
Ֆեդերացիան վստահ է, որ Հայաստանի ինտեգրումը միջազգային մասնագիտական համայնքին կնպաստի մարզիկների և մասնագետների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև երկրի գրավչության աճին՝ որպես լեռնային արկածների նպատակային ուղղություն աշխարհի զբոսաշրջիկների համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0