Արման Ծառուկյանը պատրաստ է իջնել փետրվարքաշային կարգ՝ UFC-ի տիտղոսի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC-ի թոփ թեթևքաշային Արման Ծառուկյանը հայտարարել է, որ դիտարկում է փետրվարքաշային դիվիզիոն անցնելու հնարավորությունը, եթե մոտ ժամանակում չստանա տիտղոսային մենամարտ իր ներկայիս քաշային կարգում։
Հայ մարզիկի խոսքով՝ իր թիմն արդեն հաշվարկել է հնարավոր ռիսկերն ու քաշ գցելու պարամետրերը։
«Եթե ինձ տիտղոսային մենամարտ չտան թեթևքաշում, կփորձեմ տիտղոս նվաճել 65 կգ քաշում։ Մենք ամեն ինչ հաշվարկել ենք, այնպես որ իմ օրգանիզմը կարող է մրցել այդ քաշային կարգում», — ասել է Ծառուկյանը։
Ծառուկյանի հնարավոր անցման թեման բարձրացվել է նաև UFC 325-ի մեդիա օրվա ընթացքում, որտեղ գործող փետրվարքաշային չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին և հավակնորդ Դիեգո Լոպեսը պատասխանել են լրագրողների հարցերին Արմանի հնարավոր հայտնվելու մասին իրենց դիվիզիոնում։
Վոլկանովսկին հասկացրել է, որ նման մարտահրավերի դեմ չէ։
«Ինձ դուր են գալիս մարտահրավերները։ Նա ակնհայտորեն լուրջ փորձություն կլինի, եթե կարողանա իջնել այս քաշ — դա հաստատ ծանր մենամարտ կլինի։ Սա իսկապես հետաքրքիր տարբերակ է։ Կարծում եմ՝ իմ թեյքդաուններից պաշտպանությունը բավական ամուր է, այնպես որ դա շատ դիտարժան մենամարտ կլիներ», — ասել է չեմպիոնը։
Ինքը՝ Ծառուկյանը, այս շաբաթվա սկզբին ևս քննարկել էր քաշային կարգը փոխելու տարբերակը Արիել Հելվանիի շոուին տված հարցազրույցում։
Իր հերթին Դիեգո Լոպեսը ավելի սկեպտիկ էր վերաբերվել հնարավոր անցմանը, բայց հարգանքով էր խոսել հայ մարզիկի մակարդակի մասին։
«Չգիտեմ՝ Ծառուկյանը կարծում է, թե արժանի է տիտղոսային մենամարտի փետրվարքաշում, բայց եթե UFC-ն նրան տիտղոսի համար մենամարտ չեն տվել թեթևքաշում, ապա մեր դիվիզիոնում առավել ևս չեն տա։ Բայց ես հարգում եմ նրան։ Նա հիանալի մարզիկ է, հիանալի մարդ։ Նա շատ վտանգավոր է, և եթե որոշի գալ մեր դիվիզիոն, այստեղ նրա համար լավ մենամարտ կգտնվի», — նշել է Լոպեսը։
Արդեն այս շաբաթ օրը՝ հունվարի 31-ին, Վոլկանովսկին Ավստրալիայում UFC 325 մրցաշարի շրջանակում կպաշտպանի փետրվարքաշային չեմպիոնական տիտղոսը Դիեգո Լոպեսի դեմ։ Այդ մենամարտի արդյունքը կարող է ազդել դիվիզիոնում ուժերի դասավորության վրա և հնարավոր է՝ ճանապարհ բացի բարձրակարգ միջդիվիզիոնային դիմակայությունների համար, այդ թվում՝ Ծառուկյանի մասնակցությամբ։
Սակայն, իհարկե, Ծառուկյանը նախ և առաջ կսպասի թեթևքաշային տիտղոսային մենամարտի՝ կամ Ջասթին Գեյջիի, կամ Իլիա Տոպուրիայի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0