Արման Անդրեասյանը մտել է 2025 թվականի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) մտել է 2025 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որը այս օրերին անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:
Կիսաեզրափակչում 25-ամյա հայ ըմբիշը 3-1 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին՝ իրար հետևից երկրորդ անգամ դուրս գալով Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Սա Անդրեասյանի արդեն երրորդ հաղթանակն է Կեմերտելիձեի նկատմամբ։ Արմանը հաղթել է 26-ամյա վրացուն նախորդ տարվա ԵԱ-ի եզրափակչում՝ 7-3 հաշվով, ինչպես նաև 2024 թվականին Հունգարիայում կայացած վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում՝ 7-6:
Եզրափակչում Անդրեասյանը կմրցի հզոր մրցակցի՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Բաևի հետ։ 27-ամյա օս ըմբիշը 2019-ին դարձել է աշխարհի չեմպիոն, սակայն հետագայում հազվադեպ է ընդգրկվել Ռուսաստանի հավաքականում։ 2025 թվականին նա հաղթել է Իվան Յարիգինի մրցաշարում և վերադարձել հավաքական։ Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Բաևը նախ 10-0 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն Իսմայիլ Մուսուքաևին, ապա նույն հաշվով՝ սերբ Վիկտոր Վոյնովիչին, իսկ կիսաեզրափակչում 3-0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Քենան Հեյբաթովին:
Արման Անդրեասյանի ուղին եզրափակիչ․
1/8․ Արման Անդրեասյան (Հայաստան) — Մատեուշ Լուշչինսկի (Լեհաստան) 10-0
1/4․ Արման Անդրեասյան (Հայաստան) — Ալեքսեյ Բորուտա (Ուկրաինա) 4-0
1/2․ Արման Անդրեասյան (Հայաստան) — Ակակի Կեմերտելիձե (Վրաստան) 3-1
Դավիդ Բաևի ուղին եզրափակիչ․
1/8․ Դավիդ Բաև (Ռուսաստան) — Իսմայիլ Մուսուքաև (Հունգարիա) 10-0
1/4․ Դավիդ Բաև (Ռուսաստան) — Վիկտոր Վոյնովիչ (Սերբիա) 10-0
1/2․ Դավիդ Բաև (Ռուսաստան) — Քենան Հեյբաթով (Ադրբեջան) 3-0
Բացի այդ, վաղը Հայաստանի հավաքականի կազմում երեք ըմբիշներ՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ), կմասնակցեն սփոփիչ գոտեմարտերի բլոկին՝ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությամբ։
Եզրափակիչները կանցկացվեն վաղը՝ ապրիլի 8-ին, Երևանի ժամանակով 20:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0