Ամոյանը, Ասլանյանը և Խաչատրյանը դուրս եկան Եվրոպայի 2025-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության կիսաեզրափակիչ
Այսօր՝ ապրիլի 10-ին, Բրատիսլավայում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը։ Մրցաշարի առաջին օրը Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներ հաջողությամբ հաղթահարեցին մրցակիցներին և դուրս եկան կիսաեզրափակիչ՝ շարունակելով պայքարը մեդալների համար։
Հայաստանի հավաքականի կազմում այսօր հանդես են եկել հինգ ըմբիշներ, որոնցից երեքը դուրս են եկել կիսաեզրափակիչ։
55 կգ՝ Մանվել Խաչատրյանը վստահ հաղթանակ տարավ թուրք հայտնի ըմբիշ Էմրե Մութլուի նկատմամբ՝ 9:0 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Էլդանիզ Ազիզլիի հետ։
63 կգ՝ Կարեն Ասլանյանը կայծակնային հաղթանակ տոնեց Լեհաստանը ներկայացնող Մայրբեկ Սալիմովի նկատմամբ՝ ընդամենը 30 վայրկյանում ավարտելով գոտեմարտը 8:0 հաշվով։ Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Սեմենչուկը։
77 կգ՝ Մալխաս Ամոյանը մրցաշարը սկսել է 1/8 եզրափակիչից և տոնել երկու վստահ հաղթանակ։ Առաջին գոտեմարտում նա մեկ րոպեում ժամանակից շուտ հաղթել է լեհ Մատեուշ Բետրանակին՝ 8:0 հաշվով, ապա քառորդ եզրափակիչում հաղթել է Մոլդովան ներկայացնող մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդր Սոլովեյին։ Կիսաեզրափակիչում Ամոյանը կհանդիպի Հայկ Մնացականյանի հետ՝ բուլղարական հավաքականը ներկայացնող հայ ըմբիշի, ով հաղթել է հույն ըմբիշ Ժոլթան Լևային։
Բացի այդ, ևս երկու հայ ըմբիշներ դեռ պահպանում են բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորությունը մխիթարական փուլի միջոցով։ Դրանք են՝ Կարեն Խաչատրյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), որոնց մրցակիցները դուրս են եկել կիսաեզրափակիչ։
Խաչատրյանը 3:6 հաշվով պարտվել է օլիմպիական չեմպիոն Սեմուեն Նովիկովին (Բուլղարիա), և այժմ սպասում է նրա հաղթանակին կիսաեզրափակիչում՝ մխիթարական փուլում հանդես գալու հնարավորության համար։ Օվասափյանը 1:1 հաշվով զիջել է թուրք Մուհամմեթ Բաքիրին՝ ըստ նոր կանոնի, հավասար հաշվի դեպքում հաղթում է առաջին միավորը վաստակած ըմբիշը։ Եթե Նովիկովն ու Բաքիրը հաղթեն կիսաեզրափակիչում, Խաչատրյանն ու Օվասափյանը վաղը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար։
Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 18:45-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0