Ալան Արաքելյանցը՝ Freedom QJ League-ի չեմպիոն «Կայրաթի» կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ղազախստանում ավարտվեց Freedom QJ League-ի երրորդ մրցաշրջանը (մինչև 17 տարեկանների առաջնություն), որի գլխավոր հաղթողը դարձավ «Կայրաթը» (U17): Ալմաթացիները մրցաշրջանը անցկացրին առանց որևէ պարտության և արժանացան անպարտելի չեմպիոնի կոչմանը՝ եզրափակիչ խաղում վստահորեն հաղթելով «Տարազին»՝ 3:1 հաշվով։
Հաղթող թիմի կազմում հանդես եկավ հայ ֆուտբոլիստ Ալան Արաքելյանցը՝ 17-ամյա պաշտպան, ով ունի 189 սմ հասակ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցեց 14 խաղի, խփեց 1 գոլ և կատարեց 1 գոլային փոխանցում։ Արաքելյանցը Ղազախստանի ծնունդ է, «Կայրաթի» ակադեմիայի սան և համարվում է ակումբի ամենախոստումնալից երիտասարդներից մեկը։

2024 թվականին ֆուտբոլիստը մեկնարկեց Ղազախստանի մինչև 17 տարեկանների հավաքականում՝ անցկացնելով 3 հանդիպում։
«Կայրաթի» (2008 թ. ծնվածների) թիմը շարունակում է տպավորիչ անպարտելի շարքը՝ 44 խաղ անընդմեջ առանց պարտության՝ սկսած անցյալ տարվա QJ League-ի առաջնությունից։ Ալմաթացիների հարձակման առաջատար Դաուլետ Օրինբասարը դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ 20 գոլով։
Freedom QJ League-ը Ղազախստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և Freedom Holding Corp.-ի համատեղ մեծածավալ նախագիծ է, որը միավորում է երկրի լավագույն պատանեկան թիմերը։ Առաջնության հաղթողը ստանում է իրավունք ներկայացնելու Ղազախստանը UEFA-ի երիտասարդական լիգայում։
Ալան Արաքելյանցի համար այս հաջողությունը կարևոր քայլ է իր պատանեկան կարիերայի մեջ և նոր ձեռքբերում՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0