19-ամյա Ալբերտ Ալեքսանյանը հիանալի սեզոն անցկացրեց Նորվեգիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նորվեգիայում ավարտվեց PostNord-ligaen Avd. 2 առաջնությունը՝ երկրի ուժով երրորդ դիվիզիոնը։ Ullensaker/Kisa ակումբի կազմում փայլեց 19-ամյա հայ հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը՝ անցկացնելով տպավորիչ սեզոն և դառնալով թիմի գլխավոր բացահայտումը։
193 սմ հասակ ունեցող հարձակվողը ծնվել է Լատվիայում, բայց մանկուց ապրում է Նորվեգիայում։ Նա ունի լատվիական և նորվեգական քաղաքացիություն, սակայն նաև իրավունք ունի հանդես գալ Հայաստանի հավաքականում՝ իր ծագմամբ։ Այնուամենայնիվ, Ալեքսանյանը դեռևս չի հրավիրվել Հայաստանի որևէ երիտասարդական հավաքական։
Չնայած իր ֆիզիկական տվյալներին՝ Ալեքսանյանը հայտնի է բարձր արագությամբ, տեխնիկայով և եզրերում արդյունավետ խաղով։ Նրա հիմնական դիրքը ձախ վինգերն է, սակայն նույն հաջողությամբ հանդես է գալիս նաև աջ եզրում։
Ավարտված մրցաշրջանում Ալբերտը դարձավ Ull/Kisa-ի լավագույն ռմբարկուն, իսկ թիմը առաջնությունում զբաղեցրեց հինգերորդ տեղը։
Ալեքսանյանի վիճակագրությունը 2025 թվականի սեզոնում՝
-
10 գոլ՝ PostNord-ligaen-ում (հիմնական թիմ)
-
4 գոլ՝ պահեստային թիմում (4-րդ դիվիզիոն)
-
2 գոլ՝ U19 առաջնությունում
-
1 գոլ՝ Նորվեգիայի գավաթում
Ընդամենը՝ 20 գոլ մեկ մրցաշրջանում։
Բացի այդ, հարձակվողն ունի առնվազն 6 գոլային փոխանցում (լիգայում պաշտոնական տվյալներ չեն վարվում, սակայն մեր հաշվարկներով՝ առնվազն վեց անգամ նա արդյունավետ փոխանցում է կատարել)։
Ալեքսանյանը տպավորում է ոչ միայն իր ֆիզիկական ուժով, այլև խաղադաշտի լավ տեսլականով, դրիբլինգով և եզրափակիչ հատվածում խելացի որոշումներ ընդունելու ունակությամբ։ Նրա ունիվերսալությունն ու կայունությունը նրան դարձրել են դիվիզիոնի ամենափայլուն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։
Նման հաջող սեզոնից հետո շատ հավանական է, որ 19-ամյա հայ հարձակվողը կարիերան կշարունակի ավելի ուժեղ լիգայում։
Ստորև՝ Ալբերտ Ալեքսանյանի լավագույն գոլերը 2025 թվականի մրցաշրջանում և տեսանյութի վերջում՝ մեկ տպավորիչ գոլային փոխանցում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0